Երեկ երեկոյան Ֆրանսիան արդեն ընտրված նախագահ ուներ՝ Ֆրանսուա Օլանդը չառաջադրեց իր թեկնածությունը, բայց նախագահ դարձավ նրա կառավարության էկոնոմիկայի նախկին նախարարը: Օրավարտին, երբ ընտրատեղամասերում ձայների հաշվարկը չէր վերջացել, Մակրոնի կողմնակիցներն արդեն նախնական արդյունքներով հաղթանակ էին տոնում: Մակրոնն ուներ 65,5 %, Մարին լը Պենը՝ 34,5 %:
Չխախտելով ավանդույթը՝ Մարին լը Պենն արդեն շնորհավորել է Էմանուել Մակրոնի հաղթանակը՝ հայտարարելով, որ ֆրանսիացիներն ընտրություն կատարեցին հայրենասերների ու գլոբալիստների միջև: «Ֆրանսիացիները ընտրեցին հանրապետության նոր նախագահ և նախապատվությունը տվեցին ժառանգականությանը: Ես զանգահարեցի պարոն Մակրոնին և շնորհավորեցի ընտրվելու կապակցությամբ, որովհետև իմ սրտում երկրի շահերն են: Ես նրան հաջողություններ մաղթեցի՝ Ֆրանսիայի պրոբլեմների դեմ հանդիման»՝ հայտարարել է Մարին լը Պենը:
Ընտրության պաշտոնական արդյունքները կհաղորդվեն մայիսի 11-ին:
Էմանուել Մակրոնի հաղթանակը արդեն շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: «Վարչապետը ջերմորեն շնորհավորել է ընտրված նախագահի հաջողությունն ընտրություններում: Ֆրանսիան մեր մերձավորագույն դաշնակիցներից մեկն է, և մենք անհամբեր սպասում ենք նոր նախագահի հետ համագործակցությանը մեր գերակայությունների լայն շրջանակում»՝ գրել է վարչապետը մի երկրի, որ դուրս է գալիս ԵՄ-ից և ում պետք է կապերը պահպանել Եվրոպայի հետ:
Այս տարի նախորդ երկու ընտրությունների համեմատությամբ՝ ընտրողների մասնակցությունը զգալիորեն քիչ էր:
39-ամյա Էմանուել Մակրոնը դարձավ Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության ամենաերիտասարդ նախագահը: Մարին լը Պենը ստացավ ձայների 34,5 %-ը, որ պատմության մեջ նրա ստացած ամենաբարձր ցուցանիշն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Առաջիններից մեկը Էմանուել Մակրոնի հաղթանակը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հետաքրքիր է՝ ՌԴ նախագահը կշնորհավորի՞, թե՞ կսպասի մայիսի 11-ին, երբ կհաղորդվեն պաշտոնական արդյունքները: Դա կլինի Ռուսաստան-Ֆրանսիա հարաբերությունների հեռանկարի ցուցիչ: Ի՞նչ քաղաքականություն կվարի Էմանուել Մակրոնը՝ բազում խնդիրների դեմ հանդիման, որ ոչ միայն Ֆրանսիայինն են, այլև Եվրամիությանը: Եվրոպան պետություն առ պետություն ազգայնականների առաջ փակում է իշխանության դուռը՝ Ավստրիա, Հոլանդիա, Ֆրանսիա: Փաստորեն, պետություն առ պետություն Եվրամիությունը ցույց է տալիս իր ներքին կայունությունը՝ փլուզվում են ԵՄ-ն ներսից փլուզելու ռուսական հույսերը: Սեպտեմբերին խորհրդարանական ընտրություններ են Գերմանիայում: Կդիմանա՞ Անգելա Մերկելը: Վլադիմիր Պուտինը ժամանակ ունի մտածելու՝ վերջնականապես փչացնե՞լ հարաբերությունները Գերմանիայի հետ, թե՞ թողնել իրադարձությունները իրենց ընթացքով զարգանան: Առավել ևս, որ իր ընտրությանը մեկ տարուց քիչ ժամանակ է մնում՝ բումերանգը կարող է վերադառնալ, թեպետ զուտ ռուսական էլիտար մտածողությամբ՝ Ռուսաստանը իրավունք ունի աշխարհի ցանկացած անկյունում պաշտպանել իր շահերը: